ՌԱԴԻԿՈՒԼԻՏ. ԻՇԻԱՍ. ԼՅՈՒՄԲԱԳՈ

Ռադիկուլիտը (լատ. radicula – արմատ) ծայրամասային նյարդային համակարգի հիվանդություն է, որն առաջանում է ողնուղեղային նյարդարմատների վնասվածքի, բորբոքման կամ սեղմվելու արդյունքում: Ռադիկուլիկտը լայնորեն տարածված հիվանդություն է, որով հիվանդանում է 40 տարեկանից բարձր բնակչության 10 %-ից ավելին:
ԱԽՏԱՆԻՇՆԵՐԸ
Ռադիկուլիտի ախտանիշները տարբեր են, սակայն դրանց կարելի է խմբավորել հետևյալ կերպ.a
- Ցավ կամ անհարմարություն – բութ ցավի տեսքով, որն առաջանում է պարբերաբար և վերածվում մշտապես ուժասպառող ցավի: Որպես օրգանիզմի պաշտպանիչ գործոն, ցավը վկայում է նյարդարմատների վնասվածքների մասին:
- Զգայունության խանգարում – անհրաժեշտ է նշել, որ ողնաշարը բավականին բարդ կառուցվածք ունի: Գիտակցաբար և անգիտակցաբար մարդը կատարում է մեծաթիվ քանակով շարժումներ: Սակայն շարժումների ներդաշնակության պահպանման համար ուղեղի, մկանների և զգայական ընկալիչների միջև պետք է հետադարձ կապ լինի: Նյարդարմատների ճնշման արդյունքում խանգարվում է ազդակների՝ երկու ուղղություններով անցկացումը:
Հետևաբար խանգարվում է նաև զգայունությունը և ազդակների հաղորդումը մկաններին: - Մկանային թուլություն – երբեմն առաջանում է մասնակի մկանային թուլություն՝ շարժողական նեյրոնների առանձնակի սեղմման արդյունքում: Մկանների բնականոն գործունեությունը հնարավոր է ինչպես գլխուղեղի, այնպես էլ ողնուղեղի հետ երկկողմանի կապի առկայության դեպքում: Նյարդարմատի սեղմումը, որ պայմանավորված է միջողնային ճողվածքով, օստեոֆիտներով, ընդհատում է ազդակների հաղորդումը և դադարեցնում նորմալ մկանային գործառույթի աշխատանքը: Ազդակների նորմալ հաղորդման շարունակական խանգարումը հանգեցնում է մկանային հյուծման և դանդաղաշարժության:
ՌԱԴԻԿՈՒԼԻՏԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ
Նյարդարմատի ախտահարման մակարդակից կախված՝ տարբերակում են ռադիկուլիտի հետևյալ տեսակները.
Պարանոցային
Կրծքային
Գոտկասրբոսկրային
Առավել հաճախ հանդիպում են ողնաշարի գոտկասրբոսկրային ռադիկուլիտի հետևյալ տեսակները.
Իշիաս (իշիալգիա): Ռադիկուլիտի տվյալ տեսակի դեպքում ցավերը լինում են նստատեղի, ազդրի, սրունքի, ինչպես նաև ոտնաթաթի շրջանում: Երբեմն բացի ցավերը՝ նկատվում է նաև մկանային թուլություն: Դա կապված է նստանյարդի ախտահարման կամ բորբոքման հետ:
Իշիասի դեպքում ցավերը լինում են կրակոցի, էլեկտրական հարվածի պես, նաև հնարավոր է այրոց, ծակծկոց, միաժամանակ թմրածություն և զգացողականության խանգարում: Ցավերը կարող են լինել ինտենսիվության տարբեր աստիճանների՝ մեղմից մինչև այնքան ուժգին, որ մարդ չի կարողանում պառկել, նստել, կանգնել, քայլել, թեքվել կամ պտտվել:
Լյումբագո (լյումբալգիա – գոտկացավ): Ցավն առաջանում է ողնաշարի ստորին հատվածում (գոտկատեղում), հիմնականում առաջանում է ֆիզիկական ծանրաբեռնվածության արդյունքում կամ դրանից հետո, հրահրվում է գերտաքացումից և դրան հաջորդող մարմնի սառեցումից:
Ռադիկուլիտի այս տեսակի առաջացման հիմնական պատճառներն են հանդիսանում ողնաշարի գոտկային հատվածի մկանների լարվածությունը, գոտկային հատվածի ճողվածքը և ողերի խախտումը: